ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԳՆԱՑՔՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՍԼԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԽՈՐՏԱԿՈՒՄ

ԳՆԱՑՔՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՍԼԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԽՈՐՏԱԿՈՒՄ
05.11.2010 | 00:00

Գալիք տարվա սկզբին վեցամսյա դիվանագիտական փոթորիկը կարող է իսրայելա-թուրքական հարաբերությունների նավը շպրտել նոր խութերի վրա. մի քանի ամիս հետո Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին պաշտոնաթող կլինի։ Արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը նոր դեսպան կնշանակի՞։ Կհամաձայնի՞, արդյոք, նրան ընդունել Թուրքիան, որը «Մարմարայի» հետ կապված միջադեպից հետո Թել Ավիվից հետ էր կանչել իր դեսպան Օղուզ Չելիքոլին։ Թուրքական էրդողանամետ «Todays Zaman» թերթը ստեղծված իրավիճակը վերլուծում է իսրայելա-թուրքական հարաբերություններին նվիրված հոդվածում։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները թերթին հաղորդել են, որ եթե անգամ Իսրայելը նոր դեսպան նշանակի, Անկարայում կարող են հրաժարվել նրան ընդունելուց այն պատճառով, որ Երուսաղեմն այդպես էլ չի կատարել թուրքերի պահանջը` ներողություն չի խնդրել «Մարմարա» նավում իսլամական ակտիվիստների սպանության համար և փոխհատուցում չի վճարել նրանց ընտանիքներին։ Մինչդեռ Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպան Ալոն Լիելը Zaman-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի արտգործնախարարության ղեկավարն արդեն թեկնածություն է փնտրում Գաբի Լևիի տեղի համար։ «Բայց խելացի կլինի՞, արդյոք, նոր դեսպան նշանակել, եթե Թուրքիան կարող է նրան չընդունել,- հարց է տալիս Ալոն Լիելը։- Իսրայելը պետք է ուշադրությամբ ուսումնասիրի իրավիճակը, այլապես բանը կավարտվի դիվանագիտական զավեշտով։ Եթե ես լինեի արտգործնախարարության գլխավոր տնօրենը, ռիսկի չէի դիմի»։ Թերթը մեջբերում է նաև թուրք պրոֆեսոր Հասան Կոնիի խոսքը, որը կապ է տեսնում Անկարայում Իսրայելի դեսպանի ապագա նշանակման և ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների արդյունքների միջև։ Ընդ որում, թուրք մտավորականները հակված են իսրայելական և ամերիկյան քաղաքականության մասին դատողություններ անելու «համաշխարհային հրեական լոբբիի» տերմիններով։ «Դեսպան չնշանակել նշանակում է իջեցնել հարաբերությունների մակարդակը, իսկ դա խելամիտ չէր լինի»,- թուրքական թերթին տված հարցազրույցում մեկնաբանում է պրոֆեսորը։ Մինչդեռ այս բոլոր երկյուղներն ու ենթադրությունները շատ արագ տեղափոխվեցին վիպերգության ոլորտ, քանի որ օրերս Իսրայելի արտգործնախարարությունը չեղյալ հայտարարեց մրցույթի անցկացումը Թուրքիայում դեսպանի պաշտոնի համար։ Հաղորդվում է, որ նախկին դեսպան Լևին պետք է Իսրայել վերադառնա մոտ ժամանակներս։ «Մաարիվայի» մեկնաբան Էլի Բարդենշտեյնի պնդմամբ` արտգործնախարարությունում որոշում են ընդունել Անկարայում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը հավասարեցնել Թել Ավիվում Թուրքիայի ներկայացուցչությանը։ Հիշեցնենք, Իսրայելում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից թուրքական տորմիղի դեմ ուղղված գործողությունների պատճառով, որը փորձել էր խախտել Գազայի հատվածի միջազգային շրջափակումը։ Շուտով նրա փոխարեն նոր դիվանագետ նշանակվեց, սակայն նա չժամանեց Իսրայել։ Այսպիսով, իսրայելա-թուրքական հարաբերությունների գնացքը, որոնք մի ժամանակ օրինակ էին ծառայում Մերձավոր Արևելքի համար, հսկայական արագությամբ սլանում է դեպի խորտակում, և ի՞նչը կարող է կանգնեցնել այն, ամենևին պարզ չէ։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ